ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Որտեղ կլիներ Ծառուկյանը, եթե ոմանց «դուխը հերիքեր»

Որտեղ կլիներ Ծառուկյանը, եթե ոմանց «դուխը հերիքեր»
17.11.2017 | 09:57

Այս շաբաթ ԱԺ հերթական նիստը վերստին ապացուցեց, որ խորհրդարանում հայտնված անձինք ոչ թե հանրության, այլ սեփական բիզնես շահերն են պաշտպանում: Կրկին արդիական էր այն տեսակետը, թե մանդատ են ստանում, որ իրենք ու իրենց բիզնեսներն անձեռնմխելի լինեն: Այն գրոհը, որ «Ծառուկյան» խմբակցությունը կազմակերպեց կառավարության և անձամբ վարչապետի դեմ, ասվածի լավագույն ապացույցն է: Ընդհանրապես, հետաքրքիր ընդդիմություն է ԲՀԿ-ն, նրա և վարչապետների ջրերը երբեք նույն առվով չեն հոսում (իհարկե, «երջանիկ» բացառություն էր Հովիկ Աբրահամյանը): Տիգրան Սարգսյանի մշտական թշնամի ԲՀԿ-ն այսօր էլ նույն «քարն է աղում» Կարեն Կարապետյանի գլխին: Տպավորություն է, թե խորհրդարանի երկրորդ քաղաքական ուժի հիմնական առաքելությունը ճիշտ ժամանակին կառավարության ղեկավարներին թիրախավորելն է: Այլ խոսքով՝ հակավարչապետական ընդդիմություն:


Չխորանալով հարկային, ինչպես «Ծառուկյան» խմբակցությունը կասեր, տեռորի իրական ու մտացածին լինելու մեջ, ընդամենը փաստենք. տարբեր ժամանակահատվածներում ՓՄՁ-ների հանդեպ հարկային մարմինները, մեղմ ասած, անարդար են եղել կամ, ծառուկյանականների բառապաշարով, վայրագ են իրենց պահել, բայց խորհրդարանի ընդդիմադիր այս ուժը ողջ խմբակցությամբ, մեծ ու փոքրով, փորձառու-անփորձով կատաղի պայքարի դուրս չի եկել: Այնքան մեծ էր քննադատության «դոզան» և այնքան ակնհայտ, որ մի ողջ քաղաքական թիմ լծվել է սեփական ղեկավարի բիզնեսի պաշտպանությանը, որ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խմբակցության «ուղեղները» հավանաբար հորդորել էին սեփական պատգամավորներին հարցերն այնպես ձևակերպել, որ «Առինջ մոլի» անունը հնարավորինս քիչ հնչի, բայց հարցերն ամբողջությամբ այդ խնդրին առնչվեն: Ողջ հարցուպատասխանի ժամանակ ամբիոնի մոտ պահելով վարչապետին, հիշեցնելով հին ու նոր «կծող-կսմթող» հարցերը, վերջիններս խոսում էին միայն «Առինջ մոլից»՝ առանց առևտրային կենտրոնի անունը նշելու: Կարեն Կարապետյանի նյարդերը չդիմացան, ասաց, որ հասցեական խոսեն, իսկ ինքը դրան պատրաստված էր եկել` ծոցագրպանում ունենալով հարկայինի հստակ տվյալներ:


Իսկ մինչ այդ «Ծառուկյան» խմբակցության թիրախը պետբյուջեի մասին օրենքի նախագիծը ներկայացնող ֆինանսների նախարար Վարդան Արամյանն էր: Նրան հարց ուղղող խմբակցության անդամները հետաքրքրվեցին՝ արտոնյալներին հարկելու հարցում կառավարության «դուխը չի՞ հերիքում»: Այս հարցում դժվար է չհամաձայնել «Ծառուկյան» խմբակցության անդամների հետ, միայն մեկ վերապահումով. այս կառավարության «դուխը» դեռ մի տարի է՝ չի հերիքում, իսկ նախորդների՞նը: Եթե նախորդների «դուխը» տեղը լիներ, մի՞թե այդ խմբակցության ղեկավարն այսօր նման կարողությունների տեր կլիներ, մի՞թե Գագիկ Ծառուկյանն արտոնյալ լինելու հաշվին չէ, որ «բարձրաշխարհիկ» դիրք ունի: Որևէ մեկը կասկածու՞մ է, որ աղքատ երկրում հնարավոր չէ նման հարստություն դիզել մաքուր աշխատանքով, հարկային պարտավորությունները պարտաճանաչ կատարելով, արտոնյալ կարգավիճակ չունենալով: Եվ ինչպես պատահեց, որ վարչապետի հետ ընկերությունն այլևս չի հիշվում: Կարեն Կարապետյանն այլևս ընկեր չէ՞, երբ հերթը հասնում է բիզնես շահերին:
Անշուշտ, Գագիկ Ծառուկյանը միակը չէ, որ օգտվել է արտոնյալի կարգավիճակից, ովքեր այդպիսին են, հասարակությունը նրանց մեկիկ-մեկիկ գիտի և՝ ոչ միայն անունով, նաև՝ մականունով: Եթե նրանց բիզնեսներին էլ այս կառավարությունը «կպնի», «Ծառուկյան» խմբակցությունը, տեսնես, նույն ջերմեռանդությամբ կպաշտպանի՞ վերջիններիս:
Այնպես որ, Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունն արտոնյալների մասին խոսելու «տեղ» չունի: Ծառուկյանի բիզնեսներից ընդամենը մեկի «խաթրին» են այսօր կպել, ու այսպիսի աղմուկ է բարձրացել, իսկ ինչ կլինի, եթե բոլոր ձեռնարկությունները հայտնվեն այդ «մամլիչի» տակ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4370

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ